Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կարծում է, որ օրենքը պետք է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի օգտին եւ նրա նկատմամբ համաներում կիրառել: Այս մասին նա ասաց փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հարցին, թե պե՞տք է արդյոք համաներումը տարածվեր Նիկոլ Փաշինյանի վրա եւ արդյո՞ք դատարանը առնվազն պիտի կիսեր նրա 7 տարվա պատժաչափը, թե` ոչ, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Ուրեմն, ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ կապված, ես մեր փորձագետներին էլ եմ խնդրել ուսումնասիրել հարցը: Եվ նրանք երկու մասի են բաժանվել: Մի մասը համարում է, որ իրոք դա պետք է տարածվեր, մի մասը համարում է, որ չէր կարող տարածվել: Այսինքն միանշանակ չէ մոտեցումը, երեւի հարցը ավելի շատ ուսումնասիրության կարիք ունի: Բայց եթե միանշանակ չէ, պետք է մեկնաբանել ի օգուտ Փաշինյանի: Որովհետեւ այդպես է, դա օրենքի տառն է պահանջում, որ եթե բովանդակության նկատմամբ միանշանակ վերաբերմունք չկա, տարակարծություններ կան, ապա այդ հակասությունները պետք է մեկնաբանվի ոչ թե ի օգուտ պետական ինստիտուտների, այլ ի օգուտ քաղաքացու: Դրանք ավելի խորը կուսումնասիրենք եւ մեր կարծիքը կասենք, ամեն դեպքում»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 2008-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նրա հոդվածը ընկնում է համաներման տակ: Նրա պաշտպանները նշում են, որ ըստ համաներման մասին ԱԺ որոշման, եթե հոդվածն ընկնում է համաներման տակ, սակայն պատժաչափը 5 տարուց ավելի է, անազատության մեջ հայտնվածը ոչ թե ամբողջությամբ ազատ է արձակվում, այլ նրա պատժաչափը կիսով չափ կրճատվում է: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի 7 տարվա պատժաչափը պետք է դառնա 3,5 տարի: