Փետրվարի 12-ին Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է ոստիկանության բարեփոխումներին եւ նշել, որ կառույցի աշխատանքն ավելի թափանցիկ ու հրապարակային է դարձել, ինչն արժանանում է հանրության համապատասխան արձագանքին։

Ոստիկանության պետը նկատել է, որ տեսանելի է առաջընթացը անձնակազմին ժամանակակից աշխատանքային պայմաններով ու տեխնիկայով ապահովելու գործում, ընթացքի մեջ են նոր համազգեստով հանդերձավորելու աշխատանքները, սակայն ոստիկանության ղեկավարությունը հետեւողական է առաջին հերթին բովանդակային փոփոխություններն ավարտին հասցնելու, նոր ոստիկանի ձեւավորման գործում, եւ այդ առումով անելիքներր շատ են։

Անդրեյ Սորոկինն անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում ոստիկանության գործառույթներին նշել է, որ նաեւ ոստիկանների հետեւողական աշխատանքով է պայմանավորված ընտրությունից ընտրություն կազմակերպչական մակարդակի բարձրացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ես։

Հրաժեշտ տալով բարձրաստիճան հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը վերստին ընդգծել է ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի սերտ գործընկերության ու բարեկամության կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնել բարեփոխումներին ցուցաբերվող իրական աջակցության եւ օժանդակության համար։