ԱԻՄ առաջնորդ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ՍԴ դիմել-չդիմելու որոշումը բխում էր բազմաթիվ գործոններից (ֆոտոռեպորտաժ): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունվարի 21-ից հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նա նշեց, որ կասկած չունի, որ Հայրիկյանն ընտրությունները չհետաձգելու իր որոշումը կայացնելիս հաշվի է առել նաեւ իր հանգամանքը:
«Իհարկե, Պարույր Հայրիկյանն անցել է մեծ փորձություններ, բանտեր, տարբեր վտանգներ: Նա հստակ գիտի, թե ինչ բան է պայքար, ինչ բան է հացադուլ, նա նույնպես գիտի հացադուլի կանոնները, բնականաբար նա հասկացել է, որ ես շարունակելու եմ հացադուլը, եթե նույնիսկ երկու շաբաթով հետաձգվի քվեարկության օրը»,- ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Պարույր Հայրիկյանը կարող էր դիմել Սահմանադրական դատարան, բայց ՍԴ-ն պետք է ընդուներ այն որոշումը, որը կորոշեին Բաղրամյան 26-ում: Նա նկատեց, որ այդպիսի դեպքերի բազմիցս ենք ականտես եղել եւ ՍԴ-ի որոշումների օրինականությունը կասկածի տակ են դնում նույնիսկ մասնագետները: «Այստեղ ունենք մի իրավիճակ, որ ի սկզբանե այս ամբողջ գործընթացը գտնվում էր Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ: Եթե իհարկե ամենասկզբից ամսի 1-ին կամ 2-ին, երբ այս հանցանքը տեղի էր ունեցել, Հայրիկյանը դիմեր ՍԴ, հաշվի առնելով, որ կար Պետդեպարտամենտի այն հայտարարությունը, որը քաղաքական ռեսուրս է տալիս, միգուցե նման պայմաններում Պարույր Հայրիկյանը կարող էր հույս ունենար, որ ՍԴ-ն կհետաձգի քվեարկության օրը, բայց այն ամենը, ինչը տեղի է ունեցել, բացառեց նման որոշման համար օբյեկտիվ հիմքը եւ ամբողջությամբ թողեց Բաղրամյան 26-ի սուբյեկտիվ հայեցողությանը»,- նշեց նա:
Նախագահի թեկնածուի կարծիքով` արդեն երկրորդական է` «Բաղրամյան 26-ն ազդեց Հայրիկյանի ընտրությունները չհետաձգելու որոշման վրա, թե` ոչ, որովհետեւ եթե չհանձներ երկրորդ դիմումը եւ ՍԴ-ն մերժեր, նույն արդյունքը կլիներ»:
«Այս քաղաքական իրադրության մեջ այս ամենն արդեն անցյալ է, բոլոր դեպքերում ընտտրություններն ի սկզբանե տալիս էին կանխատեսում, որ անցնելու է թմբուկներով, ուրախությունով, ծափ տալով, պարելով, խաշլամա ուտելով, այդ ընտրությունների տեսակը չկայացավ, չկա նման իրադրություն: Այսօր գնում է պայքար, որ այս ընտրությունները չստանան միջազգային հանրության աջակցությունը, այդ պայքարին միացել է նաեւ քաղաքացիական հասարակությունը»,-ասաց նախագահի թեկնածուն` կարեւորելով քաղաքացիական հասարակության դերը:
Նշենք, որ Պարույր Հայրիկյանը սկզբից հայտարարել էր, թե չի դիմելու ՍԴ`ընտրությունները հետաձգելու հարցով: Այնուհետեւ մի քանի անգամ փոխել էր իր որոշումը` մեկ հայտարարելով, թե դիմում է, մեկ հայտարարելով, թե դեռ որոշում չի կայացրել: Իսկ փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել ՍԴ: Նա նշել էր, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ինքը դիմումը հետ կվերցի եւ ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Հակառակ դեպքում ինքը կհետաձգի ընտրությունները, որպեսզի կարողանա ամբողջական քարոզարշավ իրականցնել: Երեկ նա նոր դիմում է ներկայացրել ՍԴ եւ հետ վերցրել երեկվա դիմումը, այսպիսով` Հայաստանում ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Նախագահի թեկնածուն մեկնաբանել էր, որ ընտրությունները հետաձգելով՝ նախեւառաջ ընդառաջ է գնում տեռորիստներին, իսկ երկրորդ հանգամանքը հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակն էր, քանի որ 15 օրվա ընթացքում հնարավոր էր նախագահի թեկնածուն մահանար, իսկ այդ դեպքում «տեռորիստները հաղթում են, նոր ընտրություններ են նշանակվում»: «Բացի նրանից, որ ընտրություններն եմ հետաձգում, նպաստում եմ, որ մեկ հայ մարդ իրեն վտանգի: Իմ խղճի վրա զգում եմ նաեւ այդ ծանրությունը, երկարացնում եմ երկուշաբաթով եւ նաեւ զոհասեղանին եմ դնում Անդրիասին, քանի որ նա մահվան շեմին է կանգնած»,- ասել էր նա:




























