Այսօր` փետրվարի 12-ին Հադրութում տեղի է ունեցել Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք:
Հադրութի մշակույթի տան դիմացի հրապարակում հավաքված հանրության առջեւ ելույթ են ունեցել Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, որոնք ընդգծել են Միացման գաղափարի արդիականությունը եւ այն ի կատար ածելու անհրաժեշտությունը:
Հանրահավաքը վարել է շարժման առաջամարտիկ, Նախախորհրդարանի անդամ Էմիլ Աբրահամյանը: Նա ներկայացրել է 25 տարի առաջ նույն օրը՝ փետրվարի 12-ին Հադրութից մեկնարկած Արցախյան շարժման հերոսական ուղին, ինչպես նաեւ ներկայումս Հայաստանում (ներառյալ Արցախը) առաջացած սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ բարոյահոգեբանական հիմնախնդիրները:
Հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել Նախախորհրդարանի ներկայացուցիչներ Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սէֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանը, ինչպես նաեւ «Սահմանադրական Արցախ» շարժման անդամներ Վիտալի Բալասանյանը եւ Գրիգորի Հայրապետյանը: Նրանք կարեւորել են հայության առջեւ ծառացած համակարգային հիմնախնդիրների լուծման հրամայականը:
Մասնավորապես՝ Ժիրայր Սէֆիլյանը նշել է, որ արտաքին թշնամուց Արցախը ազատագրելուց 25 տարի անց առաջացել է Հայաստանը եւ նրա ժողովրդին կեղեքող համակարգից ազատագրելու ու նոր որակի պետություն ստեղծելու անհրաժեշտություն: Նա հավաստիացրել է, որ ինչպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, այնպես էլ ներկայումս մեր ժողովրուրդը հասնելու է հաղթանակի:
Հանրահավաքի ընթացքում հրապարակվել է Նախախորհրդարանի եւ «Սահմանադրական Արցախ» շարժման հայտարարությունը, որը նրանց ներկայացուցիչներն ընդունել էին 2013 թ. փետրվարի 11-12-ին Արցախի հարցի վերջնական եւ հայանպաստ լուծման հեռանկարի շուրջ համատեղ քննարկումների ընթացքում:
Փետրվարի 12-ի երկրորդ կեսին Շուշիի երաժշտական դպրոցում կազմակերպվել է մշակութային միջոցառում, որի ընթացքում Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրել է Կոմիտասի կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված մուլտիմեդիա հանրագիտարանը:





































