Թեքեյան մշակութային կենտրոնում հունիսի 19-ին տեղի է ունեցել Արմենական-Ռամկավար կուսակցության հիմնադիր համագումարը, որը ողջունել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը: Ավանդական Ռամկավար-ազատական կուսակցությունից տարբեր տարիների հեռացվածները նախաձեռնել են նոր կուսակցություն` դրա համար ընտրելով մայր կուսակցության անվանը մոտ անվանում:

Այսօր Արմենական երիտասարդական միավորում հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես իր բողոքն է հայտնել, որ նույնանուն քաղաքական կազմակերպություն է ստեղծվել, քանի որ ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 2-րդ կետում պարզ գրված է. «կուսակցության անվանումը եւ դրա հապավումը պետք է տարբերվեն արդեն իսկ գործող կուսակցությունների եւ հասարակական միավորումների անվանումներից ու դրանց հապավումներից»: Բացի այդ, ըստ հ/կ-ի` Թեքեյան կենտրոնում աշխատանքային ժողով կազմակերպած նախաձեռնող խումբը խախտել է նաեւ ՀՀ կուսակցությունների մասին օրենքը, որում նշված է, թե հիմնադիր համագումարի կազմակերպիչները հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղի եւ ժամանակի մասին լրատվությունը եւ կանոնադրության եւ ծրագրի նախագծերի հիմնական դրույթները:

«Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ իրենց արմենական-ռամկավար ազատական կուսակցություն հորջորջող հիմնադիր-կազմակերպիչները չեն կատարել օրենքի պահանջը, որտեղ գրված չի եղել, որ „համագումարը“ փակ է լինելու: Զավեշտալի են նաեւ մամուլում հրապարակված հետեւյալ փաստերը.

ժողովը որակվում է համագումար այն դեպքում, երբ պատասխանատուները իրենք են մամուլում հայտարարում „դռնփակ աշխատանքային հավաքի“ մասին, „հիմնադիր համագումար“ կոչված ժողովին օտար երկրի քաղաքացին` Հակոբ Ավետիքյանը, հանդիսանալով լրատվամիջոցի ներկայացուցիչ, դուրս է հրավիրում դահլիճից Հ1, Հ2 հեռուստաընկերությունների, „Առավոտ“ եւ „Հրապարակ“ օրաթերթերի, „Ազատություն“ ռադիոկայանի լրագրողներին, ելույթ ունենում քաղաքական թեմաներով: Սա արդեն ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ կուսակցությունների մասին օրենքի խախտում է, որտեղ նշված է, որ օտարերկրյա քաղաքացիները ՀՀ տարածքում իրավունք չունեն զբաղվելու քաղաքականությամբ, առավել եւս սահմանափակելու մամուլի ազատությունը, ինչը քրեորեն պատժելի արարք է»,- նշված է հայտարարության մեջ: «Իսկ այս „պատմության“ մեջ զավեշտալին այն է, որ 20 հոգանոց օրինախախտ աշխատանքային ժողովը ողջունում է ՀՀ նախագահը»,- վերջում արձանագրում են «Արմենական» երիտասարդական միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը մեզ հետ զրույցում անհիմն համարեց իր հասցեին հնչած մեղադրանքները, թե ինքը լրատվամիջոցների ներկայացուցիչներին դուրս է հրավիրել համագումարի դահլիճից: «Ես բացատրություն եմ տվել իրենց, թե ինչու համար են կազմակերպիչները փակ աշխատանքային նիստ անում: Ես ինչպես կարող էի նման բան անել»,- ասաց Ավետիքյանը: