Ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակներով փոխանցումները արտերկրից Հայաստան (տրանսֆերտները) 2012թ. կազմել են 1.68 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած դեկտեմբերի տեղեկագրում:
Այսպիսով՝ 2012 թ. գերազանցվեց տրանսֆերտների ռեկորդային մակարդակը, որ գրանցվել էր 2008 թ.՝ 1,63 մլրդ դոլար: Նշենք, որ այնուհետ ճգնաժամի հետեւանքով տրանսֆերտները նվազել են (2010 թ.` 1.29 մլրդ դոլար, 2011 թ.՝ 1,54 մլրդ դոլար):
Դեկտեմբերին Հայաստան է փոխանցվել 156 մլն դոլար, ինչը զիջում է եւ նոյեմբերի (163,7 մլն դոլար), եւ նախորդ տարվա դեկտեմբերի (166 մլն դոլար) ցուցանիշներին:
Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ տրանսֆերտների հիմնական աղբյուրը` 2012 թ. այս երկրից փոխանցվել է 1.44 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 1,29 մլրդ դոլարի համեմատ: Հենց Ռուսաստանից փոխանցումների հաշվին էլ հիմնականում ապահովվում է տրանսֆերտների աճը: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է` 66,5 մլն դոլար (նախորդ տարի 74 մլն դոլար էր): Երրորդ տեղում Ղազախստանն է՝ 22,5 մլն դոլար (նախորդ տարի՝ 20,6 մլն դոլար): Զգալի նվազել են Ուկրաինայից ստացվող տրանսֆերտները՝ 25 մլն դոլարից իջնելով 19 մլն դոլար:
Դեպի Հայաստան նշանակալի գումարներ են փոխանցվել նաեւ Գերմանիաից (11,8 մլն դոլար), Ֆրանսիայից (12 մլն դոլար):
Թուրքիայից ոչ առեւտրային նպատակներով Հայաստան է փոխանցվել 1,6 մլն դոլար, ինչը զգալի զիջում է 2011 թ. ցուցանիշին՝ 2,1 մլն դոլար: Սակայն Հայաստանից Թուրքիա փոխանցվել է ավելի շատ` մոտ 4,2 մլն դոլար, սակայն 2011 թ. համեմատ այստեղ առկա է նվազում մոտ 0,8 մլն դոլարով:




























