Արդեն 24 օր հացադուլի մեջ գտնվող Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօրվանից սահմանափակելու է լրագրողների հետ շփումը, որպեսզի էներգիա խնայի: Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Անդրիաս Ղուկասյանի գրասենյակի համակարգող Արմեն Գրիգորյանն` անդրադառնալով Ղուկասյանի առողջությանը:
Նրա խոսքով` Ղուկասյանը մտադիր չէ դադարեցնել հացադուլը, եթե չվատթարանա առողջական վիճակը եւ նրան չդրդի այդ քայլին: Գրիգորյանը նշել է, որ թեկնածուն մտադիր է հացադուլը շարունակել մինչեւ ընտրությունների օրը ներառյալ:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ թեկնածուի առողջությունը վատանա եւ ընտրությունները հետաձգվեն, Գրիգորյանն ասել է, որ ըստ Սահմանադրության, դա կարող էր լինել, եթե թեկնածուի առողջությունը ծանրանար մինչեւ փետրվարի 10-ը:
Անդրադառնալով Ղուկասյանի առողջությանը` Գրիգորյանը նշել է, որ բացի «շտապ օգնության» բժիշկներից, նրանք օգտվում են նաեւ մասնավոր բժիշկների ծառայություններից, եւ նրանց աշխատանքները տարբերվում են. «Երբ Առողջապահության նախարարության կողմից տրամադրված «շտապօգնության» բժիշկները չափել են ճնշումը, հայտարարել են որ այն 80/60 է, իսկ մեր բժիշկները հայտարարել են, որ ճնշումը 110/70 է »:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն էին մեզի եւ արյան վերլուծության արդյունքները, Գրիգորյանն ասել է, որ իրենց դրա մանրամասն տվյալները ցույց չեն տրվել: Նա նաեւ չի ցանկացել պատասխանել այն հարցին` արդյո՞ք կանխամտածված գործողություններ կան Առողջապահության նախարարության հայտարարությունների մեջ: «Մեր բժիշկները Ղուկասյանի առողջական վիճակը գնահատում են կայուն` 24 օր հացադուլի մեջ գտնվող մարդու համար»,- ամփոփել է Գրիգորյանը:




























