Ամենուրեք «հայկական արմատներ» որոնելու մոլուցքը հարեւան Ադրբեջանի որոշ ներկայացուցիչների դրդում է անհեթեթ, երբեմն՝ աբսուրդի հասնող հայտարարություններ անել:
Հերթական գլուխգործոցը Բաքվի մետրոպոլիտենի ղեկավար Թագի Ահմեդովինն է:
Սույն պաշտոնյան, դատապարտելով Միլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովայի գործունեությունը, ասել է, որ «Ահմեդովայի տատիկը հայ է եղել»: «ՕԼԱՅԼԱՐ»-ը հաղորդում է, որ սենսացիոն հայտարարության մեջ Թ. Ահմեդովն ասել է. «Դուք գիտե՞ք, որ Գյուլարի տատիկը հայուհի է եղել: Մենք այնքան բարյացակամ ժողովուրդ ենք, որ, իմանալով դա, նրան պատգամավոր դառնալու հնարավորություն ենք տվել: Վերջին ժամանակներս նա այնքան էր գոռոզացել, որ չէր գալիս կուսակցական ժողովներին, տարաձայնություններ էր ունենում այն շրջանի ղեկավարի հետ, որտեղից պատգամավոր էր առաջադրվել: Ես միշտ էլ ասել եմ, որ նման երեւույթներն այնքան ժամանակ տեղ կգտնեն, քանի դեռ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները զտարյուն ադրբեջանցի չեն»:
«Հայկական արմատներ» որոնելու պատճառն այն է, որ դեռ սեպտեմբերի 25-ին լրատվամիջոցներում տեսագրություններ էին տարածվել, որոնցում Ադրբեջանի միջազգային համալսարանի այն ժամանակվա ռեկտոր Էլշադ Աբդուլաեւը Գյուլար Ահմեդովայի հետ քննարկում էր իբր իր պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ գումարի չափը: Այդ կապակցությամբ Բաքվի քաղաքային դատախազությունը քրեական գործ էր հարուցել Ադրբեջանի ՔՕ-ի 178.3.2 հոդվածով (խաբեբայություն), կատարվում է քննություն:
Ադրբեջանցի պաշտոնյան իր հայտարարությամբ ապացուցել է Հայաստանի ներկայացուցիչների բազմիցս արված հայտարարությունները, որ Ադրբեջանը բոլոր մակարդակներում հայատյացության եւ ֆաշիզմի քաղաքականություն է վարում:




























