Նախորդ շաբաթվա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամները արձանագրել են գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին քարոզչության կանոնների խախտման 28 դեպք: Այդ մասին այսօր՝ փետրվարի 13-ի մամուլի ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, նշելով, որ ընդհանուր առմամբ իրենք արձանագրել են նման 59 դեպք:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի իրավաբանական խորհրդատու Կարեն Մեջլումյանը մի շարք օրինակներ է բերել: «Շարունակվում է անձնագրային տվյալների հավաքագրումը, ուսուցիչները հավաքում են այն քաղաքացիների տվյալները, որոնք նախապես հայտարարում են ընտրությունների չգնալու մասին: Գրանցվել է նաեւ դեպք, երբ ընտրողին 20 հազար դրամ են առաջարկել անձնագրի տվյալները վերցնելու համար»:
Բացի դրանից, Շիրակի մարզի Ազատան գյուղում Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառը փակցված է ընտրական հանձնաժողովի շենքի պատին, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում գործող նախագահի պաստառները փակցված են դրանց համար չնախատեսված վայրում՝ խողովակին:
Խուրշուդյանը նաեւ նշել է, որ ամենից ավելի մտահոգող են մի շարք դպրոցներում ուսուցիչների եւ տնօրենների մասնակցությամբ քարոզչական հավաքները: «Նման բան եղել է Երեւանի թիվ 192, Աշտարակի թիվ 5 դպրոցներում»: Ըստ Խուրշուդյանի՝ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին փողոցում խոչընդոտել են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ակտիվիստների եւ անդամների աշխատանքին:
Ի պատասխան հարցին, թե ինչպես է նա գնահատում Ոստիկանության աշխատակիցների աշխատանքը խախտումների մասին ահազանգեր ստանալուց հետո, ընդդիմադիրը նշել է, որ ոստիկանությունը որոշ միջոցներ ձեռնարկում է, սակայն խախտումների հարյուրտոկոսանոց վերացում չի ակնկալում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























