Ուկրաինային կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարել է նախագահական ընտրությունների ձայների 100 տոկոս հաշվարկը։

Շրջանների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը հավաքել է ընտրողների ձայների 48,95%, իսկ վարչապետ Յուլիա Տիմոշենկոն 45,47%։ Բոլոր թեկնածուների դեմ են քվարկել ընտրողների 4,36%։

Այսպիսով Յանուկովիչի եւ Տիմոշենկոյի միջեւ ձայների տարբերությունը կազմում է

3,48 տոկոս։

Ընտրողների հաճախելիությունը նախագահական ընտրությունների 2-րդ փուլում 225 շրջանների հաշվարկով կազմել է ընդհանուր քանակի 69,15 տոկոսը։

Միջազգային դիտորդների եւ տեղի քաղաքական գործիչների գնահատմամբ՝ ընտրություններն արդար են անցել։

Միեւնույն ժամանակ, «Յուլիա Տիմոշենկոյի բլոկը» (БЮТ) պահանջում է անվավեր ճանաչել նախագահական ընտրությունները։ Բլոկի անդամ, պատգամավոր Օլեգ Լյաշկոն, խորհրդարանում ելույթ ունենալով, հայտարարել է, որ պետք է ձայների վերահաշվարկ կատարվի։ Լյաշկոյի ելույթը պատասխան էր Տարածաշրջանների կուսակցության պատգամավոր Վլադիսլավ Լուկյանովի այն հայտարարությանը, թե պետք է ուսումնասիրվեն Լվովի մարզում կատարված զանգվածային կեղծումները։

«Մենք այդ հարցում աջակցում ենք Տարածաշրջանների կուսակցությանը եւ պահանջում ենք ձայների վերահաշվարկ»,- «По- Киевски» պարբերականի հաղորդմամբ, ընդգծել է Լյաշկոն։