Այսօր՝ փետրվարի 13-ին, Լոռիի մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ ավտոճանապարհին ձորն ընկած մեքենայի վարորդ Դավիթ Կոնինյանը վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, եւ նրան այժմ տեղափոխում են Երեւան: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Ալավերդիի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ  Գեւորգ Ազարյանը, նշելով, որ վերջինս մինչ այս պահը գտնվում է կոմայի մեջ, իսկ մեքենայում գտնվող ուղեւորի վիճակը շարունակում է մնալ ծանր:

Ավելի վաղ NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի Տ 2995 համարանիշի ավտոմեքենան, Սանահին-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 60 մետր գլորվել ձորը: Մեքենան վարել է Ալավերդի քաղաքի  բնակիչ, 58-ամյա Դավիթ Կոնինյանը:

Վթարի հետեւանքով վարորդին ու ուղեւոր՝ 50 ամյա Վարուժան Կոնինյանին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ Ալավերդիի Հրշեջ փրկարարների օգնությամբ:

Վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են Ալավերդիի բժշկական կենտրոն: Վարորդի վիճակը բժիշկները գնահատել են  ծայրահեղ ծանր, իսկ Վ. Կոնինյանինը՝ ծանր:

Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Այժմ ժամանել է նաեւ վերամբարձ կռունկը՝ մեքենան ձորից դուրս բերելու համար:

Լուսանկարները՝  ԷդվարդԱրզումանյանի/NEWS.am