Քաղաքական պոպուլիզմը որեւէ դրական արդյունք չի տա Հայաստանին: Այդ մասին, այսօր` փետրվարի 13-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Այն, ինչ մենք ներկայացնում ենք մեր ժողովրդին, սովորական աշխատանքային պլան է: Մենք ղեկավարվում ենք դրանով մեր գործունեության մեջ: Եւ ես եկել եմ ձեր աջակցությունը խնդրելու այդ հարցում: Այն, ինչ փորձում ենք անել առաջիկա տարիներին, հիմնված է որոշակի նախադրյալների վրա: Այդ ծրագրի ռիսկերը հասցված են նվազագույնի: Մեր պայթյունավտանգ տարածաշրջանը, իհարկե, երաշխավորված չէ անկանխատեսելի իրադարձություններից: Ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ Սիրիայում ռազմական գործողություններն այդքան կձգվեն: Ոչ ոք չէր կարող կանխատեսել համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Բայց մեր ծրագրում որոշակիորեն հաշվի են առնվել ռիսկերը:
Հայաստանն ապրում ու զարգանում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ մենք իրավունք չունենք անպատասխանատու քայլերի եւ արկածախնդրության: Դա կարող է շատ թանկ արժենալ ժողովրդին: Ես այդ մասին ասում եմ, քանի որ վերջին շրջանում հեշտ միավորներ հավաքելու, քաղաքական պոպուլիզմի ականատեսն ենք դառնում: Նման փորձեր նախկինում եղել եւ ոչ մի լավ բան չեն տվել Հայաստանին»,- ասել է Սարգսյանը:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























