Վրաստանից Աբխազիա ձգվող երկաթուղու վերականգնման հարցը կառավարության կողմից ակտիվ կերպով չի քննարկվում: Այս մասին այսօր` փետրվարի 13-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Տվյալ փուլում այս հարցն ակտիվ կերպով չի քննարկվում, քանի որ սա քաղաքական բարդ թեմա է, եւ այս հարցին լուծում տալը հեշտ չէ: Մասնավորապես, սա վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին, սակայն մեր դիրքորոշումը հստակ է եւ Վրաստանում ողջունում են աբխազների հետ հարաբերությունների կարգավորումը եւ մենք ամեն բան անում ենք դրա համար»,-հայտարարել է նա, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Ավելի վաղ Վրաստանի վերաինտեգրման հարցերի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են «Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության» շրջանակում վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային կապը: Սակայն ավելի ուշ նա նշել է, որ այդ հարցը չի քննարկվում, քանի որ աբխազական կողմը հետաքրքրություն չի տածել դրա հանդեպ:
Ավելի ուշ` հունվարին, վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հայաստան կատարած այցելության ժամանակ հայտարարել է Աբխազիայի հետ երկաթուղային կապի վերականգնման հնարավորության մասին: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին քննադատել է տվյալ հայտարարությունը` նշելով, որ երկաթուղու վերականգնումը բխում է Ռուսաստանի շահերից: Իվանիշվիլին ավելի ուշ հայտարարել է, որ դա համահունչ է բոլորի շահերին:




























