Ոստիկանությունը տաշքենդցի թոշակառու Վլադիմիր Լոպանովին կասկածել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի ինքնաթիռին ապօրինաբար հետեւելու մեջ:
Կասկածի տեղիք են տվել Լոպանովի՝ օդանավակայանի հարեւանությամբ գտնվող տանը հայտնաբերված ինքնաշեն մի քանի հեռադիտակները: Թեեւ թոշակառուն հավաստիացրել է, որ աստղագիտությամբ է հետաքրքրվում, իսկ հեռադիտակ պատրաստելն իր հոբբին է, ոստիկանները սարքերից մեկն առգրավել են փորձաքննության ենթարկելու համար, հայտնում է Uznews-ը:
Ըստ իրավապաշտպան Վլադիմիր Հուսայինովի՝ աստղագիտության սիրահարը հետապնդման է ենթարկվում նախորդ տարի ոստիկանություն դիմելու պատճառով: Նոյեմբերի սկզբին Լոպանովը շրջանային բաժանմունք դիմում էր ուղարկել այն մասին, որ Տաշքենդում կնոջ ծիսակարգային սպանություն է կատարվել:
Թոշակառուն պնդել էր, որ հանցագործությունը կատարել են տեղի աղանդավորները: Լոպանովը սպանության մասին իբր իմացել էր իր նախկին կնոջից, որին չարագործները ստիպել էին ուտել սպանված կնոջ լյարդն ու սիրտը: Ոստիկանությունը հետաքննել էր տվյալ դեպքը, սակայն թոշակառուի խոսքերի ապացույց չէր գտել: Դրանից հետո Լոպանովին մեղադրել էին զրպարտության համար:
Նշվում է, որ հեռադիտակները Լոպանովի տանը պատահաբար էին հայտնաբերվել: Դրանց ուշադրություն են դարձրել դատական կատարածուները, որոնք նրա տուն էին գնացել նախկին կնոջը վերջերս տնից վռնդելու փաստի առթիվ: Հեռադիտակների մասին նրանք շտապել էին տեղեկացնել ոստիկանությանը:




























