Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությանը մասնակցած եւ ահաբեկչի վրա մի քանի կրակոց արձակած ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատայիններից մեկը հեռացել է ծառայությունից եւ չի կարողանում նոր աշխատանք գտնել: Այդ մասին նա պատմել է Esquire ամսագրի հետ հարցազրույցում:

Նյութի հեղինակները չեն հիշատակում հերոսի անունը՝ նրան պարզապես «հրաձիգ» անվանելով: Վերջինս պատմել է բեն Լադենի սպանության որոշ մանրամասներ. նա հայտնել է, որ «թիվ մեկ» ահաբեկչի ննջարան ներխուժողներից առաջինն է եղել: Տեսնելով, որ բեն Լադենը ձգվում է դեպի Կալաշնիկով ինքնաձիգը, նա մի քանի անգամ կրակել է՝ մահացու վերք հասցնելով:

«Հրաձիգը», ծառայելով 16 տարի, 2012թ. սեպտեմբերին հրաժարական է տվել: Պաշտպանության նախարարությունը նրան առաջարկել է կամ մնալ ռեզերվում, կամ էլ աշխատել որպես օժանդակ անձնակազմ:  Սակայն այդ հեռանկարները նրան չեն գրավել, քանի որ  հատուկ նշանակության ջոկատայինը որոշել էր ավարտել զինվորական ծառայությունը:  Արդյունքում նա մնացել է առանց  մշտական եկամտի եւ բժշկական ապահովագրության: Ավելին,  նա իր կյանքի համար մշտական վախի մեջ է:  Քայքայվել է նրա ամուսնությունը: ԱՄՆ-ի իշխանությունները նրան առաջարկել են մասնակցել վկաների պաշտպանության ծրագրին, որը այլ վայր տեղափոխվել  է նախատեսում, սակայն  նա չի ցանկացել բաժանվել  հարազատներից, գրում է  lenta.ru-ն:

«Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը սպանվել էր 2011թ. մայիսի 2-ի գիշերը՝ Պակիստանի Աբոթաբադ քաղաքում:  Հատուկ գործողությունն իրագործողների անունները չեն հրապարակվել: