«Հանդուրժող» ու «խաղաղասեր» Ադրբեջանում իսկական միջնադար է, գրողին հետապնդում են իր մտքերի համար:

Խոսքը, ինչպես հեշտ է գուշակել, ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի մասին է: Ի հակակշիռ Հայաստանին կամ հայերին վերաբերող ցանկացած բանի մասին պաշտոնական դիրքորոշման, գրողը հանդգնել էր իր վեպում դրական ներկայացնել հայերին: Այլիսլին արդեն վճարել է իր քայլի համար, նախագահի հրամանով զրկվել է «ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական թոշակից: Նրա որդին ու կինը հեռացվել են աշխատանքից:  Բանը հասել է նրա քաղաքացիությունից զրկելու մասին խոսակցություններին:

Ստալինյան ժամանակների լավագույն ավանդույթներով գրողի հետապնդումը շարունակվում է: Այժմ խրախճանքին միացել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն, ով վեպը «հերետիկոսություն», իսկ հեղինակին` «անաստված» է անվանել: Փաշազադեն հայտարարել է, թե Այլիսլին գիտակցաբար վիրավորել է Հեյդար Ալիեւին, եւ արել է դա «իր տերերի հրամանով», բայց ովքեր են այդ տերերը, շեյխը չի հստակեցրել:

Քննարկման մասնակիցները կոչ են արել նրան զրկել պետական «Շոխրաթ» եւ «Իսթիղլալ» պարգեւներից: Վեպի քննադատությանը միացել է նաեւ Բաքվի ուղղափառ եկեղեցու ղեկավար, արքեպիսկոպոս Ալեքսանդրը` անթույլատրելի համարելով «փաստերի նման մեկնաբանությունը»: