27-ամյա Ալեքսանդր Անտոնյանը Կրասնոդարի Կուշչեւսկի շրջանի կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել անսովոր վնասվածքով: Բժիշկները սարսափել են. տղամարդու կրծքավանդակում 5 սմ տրամագծով ջրատար խողովակ է խրված եղել:

Ալեքսանդրն իր ավտոմեքենայով ընթանալիս է եղել մերձքաղաքային մայրուղիներից մեկով, երբ դիմացից ընթացող բեռնատարի ամրատախտակը բացվել է, մետաղական տասնյակ առարկաներ այս ու այն կողմ են ցրիվ եկել, դրանցից մի քանիսն ուղղակիորեն բախվել են Ալեքսանդրի արտասահմանյան մեքենային, գրում է  Life News-ը:

Ըստ տուժածի՝ իր մարմինը հանկարծակի անշարժացել է, ձեռքերը թուլացել են: Նա չի կարողացել շարժվել: Մի քանի վայրկյան անց գիտակցել է, որ մարմնի մեջ խողովակ է խրվել: 

Դեպքի վայր ժամանած ԱԻՆ-ի աշխատակիցները սղոցել են խողովակի  կտորը եւ շտապօգնություն կանչել:

«Վնասված են եղել թոքերը, լյարդը եւ  թաղանթը: Օտար մարմինը սրտից միլիմետրեր այն կողմ է գտնվել: Ողնաշարը չի տուժել միայն  այն բանի շնորհիվ, որ խողովակը թեք է անցել:  Իրավիճակը  բարդացնում էր ուժեղ արյունահոսությունը», - պատմել է Կուշչեւսկի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վիրաբույժ Եվգենի Սոլոդունովը: 

Վիրահատությունը տեւել է երեք ժամ, մասնագետները հեռացրել են օտար մարմինը, կարել թոքերը եւ լյարդը եւ փակել կրծքավանդակը: Այժմ Ալեքսանդրին ահավոր վթարի մասին հիշեցնում են միայն կարերը եւ վիրակապը: