Հայաստանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն, այսօր` փետրվարի 13-ին, հանդիպել են եվրասիական ինտեգրման հարցերով Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքից ժամանած պատվիրակության հետ, որին ուղեկցել է Եվրասիական համագործակցության հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության ղեկավար, Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Միխայիլ Ֆյոդորովը նշել է, որ եվրասիական ինտեգրման գործընթացներում մեծապես կարեւորվում է երիտասարդների մասնակցությունը եւ հատկապես այդ տեսանկյունից արժեւորել համագործակցությունը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ: Եվրասիական համագործակցության հեռանկարներին անդրադառնալով՝ հյուրերը մատնանշել են այն հնարավորությունները, որ տարածաշրջանային համագործակցության զարգացմամբ կստեղծեն եւ կիրացնեն ԱՊՀ երկրները՝ շնորհիվ ընդհանուր շահերի ու նպատակների: Նրանք  ներկայացրել են նաեւ արդեն հաջողությամբ իրագործված ծրագրեր ԱՊՀ անդամ որոշ երկրների մասնակցությամբ: ՌԴ-ում եվրասիական ինտեգրման գաղափարի նպատակով իրականացվող տարբեր ծրագրերի մասին խոսել են պատվիրակության անդամ, Նովոուրալսկ քաղաքային օկրուգի ղեկավար Վլադիմիր Մաշկովը եւ Եվրասիական ինտեգրման զարգացման հիմնադրամի նախագահ Սերգեյ Պորխաչյովը:

Մհեր Սիմոնյանը տեղեկացրել է, որ պատվիրակությունը կլոր սեղանի է մասնակցելու Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, որի ընթացքում կքննարկվեն մի քանի ծրագրեր:

Ողջունելով պատվիրակության այցը խորհրդարան՝ Արտակ Դավթյանը նշել է, որ Հայաստանում պարբերաբար քննարկվում է եվրասիական ինտեգրման հարցը. այն գտնվում է քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նկատեց, որ եթե եվրասիական ինտեգրման գաղափարը Հայաստանում դեռեւս որպես նորույթ է ընկալվում, ապա Ռուսաստանի հետ մեր բարեկամական կապերն ունեն ոչ միայն երկար տարիների պատմություն, այլեւ ռազմավարական նշանակություն: Կարեւորվեցին տնտեսական համագործակցության ծրագրերը, ընդգծվեց, որ Հայաստանում միշտ ողջունվել են տնտեսական ինտեգրմանն ուղղված քայլերը: Արտակ Զաքարյանի խոսքով՝ Հարավային Կովկասում առկա իրավիճակում պետք է երկկողմ ու բազմակողմ, բազմավեկտոր համագործակցության միջոցով կարողանալ լուծումներ գտնել ապագայի կայուն եւ խաղաղ զարգացման համար: Մյուս կողմից՝ ժամանակակից աշխարհը լի է տարբեր մարտահրավերներով, որոնք միայնակ հաղթահարել հնարավոր չէ, ուստի ինտեգրման բոլոր ուղիները կարեւոր նշանակություն են ստանում: Նրա կարծիքով՝ եվրասիական ինտերգրման շուրջ համագործակցությունը Հայաստանին ավելի լայն հնարավորություններ կարող է տալ Ռուսաստանի Դաշնության հետ առկա ռազմավարական հարաբերությունները զարգացնելու եւ հատկապես տնտեսական կապերի ուժեղացման տեսանկյունից:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարեւորեց եվրասիական համագործակցությունը՝ որպես ընդհանուր խնդիրների լուծման հարթակ: Արտակ Դավթյանը համոզմունք է հայտնել, որ նմանատիպ այցերը, քննարկումները մեծապես կնպաստեն գործընթացի արդյունավետությանը: