Ընտրություն կատարելու հերթը երիտասարդ սերնդին է հասել: Այդ մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Ներկայիս ընտրությունը, նշել է Սերժ Սարգսյանը, ոչ պակաս կարեւոր է, քան այն, որը 20 տարի առաջ կատարեց իր սերունդը եւ պատվով պաշտպանեց:
«Այնպիսի հիմնարար հարցերի շուրջ որոշումները, ինչպիսիք են խաղաղությունն ու պատերազմը, տնտեսությունն ու հարկերը, այն ամենը, ինչը մենք որոշում ենք իբրեւ պետություն, երկիր եւ ազգ, ամենաանմիջական կերպով կանդրադառնան ձեր կյանքի վրա: Ես միշտ նման որոշումներ կայացնելիս հիշում եմ դա:
Այդ որոշումները կանդրադառնան նաեւ իմ թոռների ճակատագրի վրա: Մի սերունդը վճռում է գալիք սերնդի համար, սակայն հենց դուք պետք է ընտրեք ճակատագրական ուղին: Իմ սերունդն իր ընտրությունն արել է ավելի քան երկու տասնամյակ առաջ, վճարել քրտինքով եւ արյամբ, իր ընտրությունը պաշտպանել դաժան մարտերում եւ անխոնջ աշխատանքի օրերին: Սակայն մենք երջանիկ ենք մեր արածների համար: Այժմ ձեր հերթն է: Եվ այս ընտրությունն էլ այնքան կարեւոր է, որքան երկու տասնամյակ առաջ կատարածը: Ուզում եմ վստահեցնել. ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք լավ կրթություն եւ բարձր վարձատրվող աշխատանք ստանաք ոչ թե օտար ափերում, այլ ձեր ընտանիքի կողքին: Ցանկանո?ւմ եք արդյոք սեփական բնակարանը արդար վաստակով գնելու հնարավորություն ունենալ: Որակյալ կրթություն եւ դրա համար վճարելու հնարավորություն: Հիվանդության պահին պետության աջակցություն: Սովորելուց հետո մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն: Արժանի թոշակի համար միջոցներ կուտակելու հնարավորություն:
Ցանկանո՞ւմ եք ապրել ապահով տարածաշրջանում: Ապրել խաղաղ եւ խոսել հավասար լեզվով: Ահա մեր երկրի համար կարեւորագույն հարցերը, եւ դրանց պատասխանը գտնելու բեռի տակ էլ անցել են վերջին հինգ տարիները: Եւ նախընտրական պայքարում ես մասնակցում եմ սոսկ նրա համար, որպեսզի դուք կարողանաք պատասխանել այդ հարցերին», - նշել է Սերժ Սարգսյանը:




























