Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում այսօր` փետրվարի 13-ին, կայացել է «Շարժիչ ուժը երիտասարդությունն է» ակցիան, որի ժամանակ երիտասարդությանն առաջարկվել է համախմբել եւ տեր կանգնել իրենց երկրին եւ իրավունքներին: Ակցիայի մասնակիցները «Ռեժիմը մեզանից խլում է մեր երիտասարդությունը, ով պետք է կանխի դա, եթե ոչ մենք» գրության պաստառներով այնտեղից շարժվել են դեպի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան:
Ակցիայի մասնակիցները ահազանգում են, որ երիտասարդությունը օտարված է հանրային եւ պետական խնդիրները բարձրաձայնելու եւ լուծելու գործընթացից: Վարչախումբը, հենվելով իր վերահսկողության տակ գործող ԲՈՒՀ-երի վարչական մարմինների եւ ուսխորհուրդների վրա, կարողացել է մշտապես չեզոքացնել երիտասարդության ակտիվությունը: Երկրում արմատական փոփոխություններ բերող քաղաքացիական շարժումների հենքը մշտապես եղել է երիտասարդությունը: Հայաստանում առկա հասարակական-քաղաքական խորը ճգնաժամը ստիպում է, որ երիտասարդությունն այսօր իր ձեռքը վերցնի երկրում փոփոխություններ իրականացնելու գործը:


























