Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մարտին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, որի ժամանակ  «կքննարկվի տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված համագործակցության ծրագիրը»: Այդ մասին հաղորդել է հենց Ալասանիան, ով փետրվարի  14-ին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ մեկնելու է Թուրքիա:

Ալասանիայի խոսքով` մեկ երկիր չի կարող տարածաշրջանային անվտանգություն ապահովել: «Անհրաժեշտ է  օգտագործել համագործակցության բոլոր ձեւաչափերը, եւ Վրաստանը այդ առումով կլինի առաջատար երկրներից մեկը»,-նշել է նա:

Ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր, որ Թուրքիա կատարելիք այցի ժամանակ մտադիր է հանդիպել վարչապետ Էրդողանի հետ. «Բացի Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններից, կքննարկվի նաեւ  երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ փոխգործակցության ծրագիրը»: