2013թ. փետրվարի 18-ին որեւէ պարագայում եւ պայմանով պետք է ձայն չտալ 2008թ. հեղաշրջման առանցքային կազմակերպիչներից մեկին՝ Սերժ Սարգսյանին: Այդ մասին ասվում է Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

««ՀՀ նախագահի ընտրություններ» վերնագրված առաջիկա միջոցառումը, որ նշանակված է փետրվարի 18-ին՝ ոչ միայն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված տրամաբանությանը, այլեւ հակասում է դրան: Սահմանադրությամբ նախատեսված ընտրություններում ժողովուրդը պետք է որոշում կայացնի, թե ով լինի Հայաստանի նախագահ:

2008թ. Մարտի 1-ի արյունալի հեղաշրջման միջոցով իշխանության եկած խմբավորումը, սակայն, նաեւ մեր՝ ընդդիմության սխալների պատճառով կարողացել է ստեղծել մի աննախադեպ վիճակ, երբ ոչ միայն ժողովուրդը չի որոշելու, թե ով լինի ՀՀ նախագահ, այլեւ նախագահի նստավայրը զավթած անձն է փաստացի ցանկանում որոշել, թե ինչ անի ժողովուրդը եւ ինչպես: Սերժ Սարգսյանն, ընդ որում, չի էլ թաքցնում մտադրությունը, թվեր խփելու իր անսահմանափակ կարողությամբ տղայաբար պարծենալով:

2008 թվականի Համաժողովրդական շարժման հարթակին գտնվող մարդու համար չափազանց դժվար է, բայց ժողովրդի առաջ անկեղծ լինելու պարտավորությունս ստիպում է խոստովանել. առաջիկա ընտրությունը ոչ միայն չի լուծելու ՀՀ քաղաքացուն իշխանության իրական կրողի գործառույթով օժտելու խնդիրը, այլեւ ավելի է սրելու այն»,- նշել է Փաշինյանը եւ կոչ արել. «Ելնելով վերը նշվածից, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում՝

- 2013թ. փետրվարի 18-ին որեւէ պարագայում եւ պայմանով ձայն չտալ 2008թ. հեղաշրջման առանցքային կազմակերպիչներից մեկին՝ Սերժ Սարգսյանին, այդպիսով՝ ընդդեմ Հայաստանում հաստատված քոչարյանասերժական հուսահատության արտահայտել հստակ դիրքորոշում ՝ լինի դա առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեարկելով, քվեաթերթիկը փչացնելով, թե ընդհանրապես՝ ընտրական տեղամաս չգնալով:

Խոստովանելով հանդերձ Հայաստանում հաստատված քաղաքական եւ քաղաքացիական փակուղու փաստը, Հայաստանի քաղաքացիներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին լավատեսության եմ կոչում: Հայաստանի Հանրապետությունը ունի՛ Ապագա, քանի դեռ չենք հրաժարվել հանուն նրա պայքարելուց, քանի դեռ չենք հրաժարվել մեր երեխաներին Ազատ եւ Երջանիկ Հայաստան ժառանգելու պարտավորությունից: Չենք հրաժարվել ու չենք հրաժարվի: Պարտավորությունը ստանձնել ենք, պարտավորությունը ենթակա է իրագործման:

Եւ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»: