Եթե Թուրքիան չվավերացնի հայ-թուրքակական արձանագրությունները, ապա համաշխարհային հասարակությունը կտա իր օբյեկտիվ գնահատականը այդ փաստին, եւ Եվրոպայի հայկական կազմակերպությունները առավել մեծ ուժով կշարունակեն իրենց պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում` ընդգրկելով նորանոր երկրների եւ ընդլայնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների աշխարհագրությունը: Այդ մասին ասված է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ադմեդ Դավութօղլուին հղած նամակում:

Կազմակերպության ներկայացուցիչները նամակում նշել են, որ «փաստը, թե չնայած Հայաստանը հարգելով պայմանավորվածությունները չի ընդգրկել արձանագրություններում ոչ մի նախապայման, իսկ Թուրքիան` խախտելով պայմանավորվածությունը, փորձելու է ստեղծել նախապայմաններ եւ ցեղասպանության եւ երրորդ երկրի ու Հայաստանի միջեւ առկա խնդիրների շուրջ, այսօր ակնհայտ ճիշտ դուրս եկավ»: «Այսինքն Թուրքիան չի պատրաստվում ապաշրջափակել հայկական սահմանը եւ չի պատրաստվում, որպես նորմալ հարեւան ու եվրոպական արժեհամակարգին հարող երկիր, ստեղծել բարիդրացիական հարաբերություններ իր կարեւոր հարեւանի հետ ` լուծելով հարյուրամյա ,տարիների ընթացքում ստեղծված պրոբլեմները»,- ասված է նամակում: