«Ժամանակ» թերթը, անդրադառնալով ՀԱԿ կուսակցության ստեղծման թեմային, մասնավորապես գրում է. «...Ինչպե՞ս է արտահայտվելու նոր կուսակցության ստեղծումը ներքաղաքական դաշտում։ Այն լինելու է զուտ իրավաբանական նորամուծությո՞ւն, թե՞ այնուամենայնիվ, կլինեն որոշակի մարտավարական փոփոխություններ: Ըստ էության, տրամաբանությունը հուշում է, որ էական սրբագրումներ չեն կարող լինել այն պատճառով, որ ՀԱԿ-ը դաշինքից կուսակցություն է դառնում հենց այն բանի համար, որ առավել անխոչընդոտ շարունակի այն, ինչ անում էր մինչեւ այսօր:

Պարզապես եթե մինչ այսօր կային զուտ կառուցվածքային արգելքներ, ապա կուսակցական կառուցվածքը կվերացնի դրանք, հետեւաբար նաեւ հնարավորություն կտա առավել անարգել զբաղվել այն քաղաքականությամբ, որով ՀԱԿ-ը զբաղվում էր Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մինչեւ այսօր: Սակայն, այստեղ խնդիրն այն է, որ այն, ինչով Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ՀԱԿ-ը զբաղվում էր, մեծապես կախված էր ոչ այնքան ՀԱԿ-ից, ինչքան ԲՀԿ-ից եւ նաեւ՝ ՀՀԿ-ից, նաեւ՝ նրանց փոխհարաբերություններից:

Այսինքն, եթե ԲՀԿ-ն չզբաղվի նրանով, ինչով զբաղվում էր, ՀԱԿ-ն այլեւս զբաղվելու բան չի ունենա՝ լինի կուսակցության տեսքով, թե որեւէ այլ իրավաբանական կարգավիճակով: Վկայությունը նախագահական ընտրություններն էին, որում երբ ԲՀԿ-ն հետ քաշվեց, ՀԱԿ-ին պարզապես այլ բան չէր մնում, քան անել նույնը: Իսկ ինչով է զբաղվելու ԲՀԿ-ն, առայժմ պարզ չէ, որովհետեւ այդ հարցն էլ, ըստ էության, ԲՀԿ-ում չէ, որ լուծվում է»,- գրում է  «Ժամանակը»։