Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին՝ քննարկելու Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի գործունեությանն առնչվող հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով Հայաստանում ՄԱԿ-ի եւ նրա գործակալությունների կողմից իրագործվող ծրագրերի կապակցությամբ, կարեւորել է 2010-2015 թթ. միասնական ծրագրի մշակումն ու ընդունումը եւ հայտնել, որ ԱԳՆ-ն կաջակցի ծրագրով նախատեսված նպատակների իրականացմանը:
Տիկին Վիդալը նախարար Նալբանդյանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի պետական կառույցների կողմից ՄԱԿ-ի գրասենյակի գործունեությանը ցուցաբերվող աջակցության համար, ինչն ըստ արժանվույն է գնահատվում ՄԱԿ-ի կենտրոնակայանում:
Զրուցակիցներն անդրադարձել են «2010-2015 թթ. ՄԱԿ-ի զարգացմանն աջակցության ծրագիր» փաստաթղթի դրույթներին:
Կոնսուելո Վիդալը կարեւորել է փաստաթղթի մշակման ընթացքում ԱԳՆ համակարգող դերը, բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, եւ նշել, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակն իր գործունեությունը ծավալելիս կառաջնորդվի միասնական ծրագրով` հօգուտ հազարամյակի զարգացման նպատակների եւ Հայաստանի համար առաջնայնություն ներկայացնող հիմնախնդիրների լուծման:
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:



















