ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Փլիմութ քաղաքի դատարանը պարտավորեցրել է դեղագործական եւ սանիտարահիգիենիկ ապրանքներ արտադրող Johnson & Johnson խոշոր ընկերությանը` 63 մլն դոլարի փոխհատուցում վճարել հաճախորդուհուն, ով տուժել է այդ ընկերության արտադրանքներից մեկի օգտագործումից:
Այդ գործով տուժածը Մասաչուսեթսի բնակչուհի Սամանթա Ռեքիսն է, ով 7 տարեկան հասակում ցավազրկող դեղամիջոց (Իբուպրոֆեն)է ընդունել, ինչը հանգեցրել է հազվադեպ հանդիպող բացասական արդյունքի` տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզի (Լայելի սինդրոմ):
Արդյունքում աղջիկը 90 տոկոսով կորցրել է մաշկը եւ կուրացել: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 2003 թվականին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Միաժամանակ, Johnson & Johnson ընկերության Նյու Ջերսի նահանգում գործող ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը համաձայն չէ դատավճռի հետ եւ «քննարկում է լրացուցիչ իրավաբանական քայլերի» դիմելու հնարավորությունը:




























