Այս ընտրություններն իրենց բնույթով եւ որակով բավականին տարբերվում են նախորդից. եւ հետաքրքրության, եւ մնացած առումներով բավականին առաջ են մյուս ընտրություններից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:
Նա նշեց, որ մյուս բոլոր ընտրությունները երկու շրջանով են բնութագրվել՝ նախընտրական եւ հետընտրական, իսկ այս ընտրությունները բնորոշվում են չորս հիմնական շրջանով՝ նախընտրական, առաջադրումների, քարոզչության եւ հետընտրական:
Գառնիկ Իսագուլյանի կարծիքով` նախընտրական շրջանն սկսվեց շատ վաղ, դեռ խորհրդարանական ընտրություններից, երբ ձեւավորվում էին տարբեր կոալիցիաներ: «Մինչեւ ԱԺ ընտրությունները լուրջ ինտրիգ կար, թե ինչ կոալիցիաներ կձեւավորվեն, այդ ինտրիգը պահպանվեց մինչեւ առաջադրումները»,- ասաց նա: Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ առաջադրումների շրջանում այդ ինտրիգը պահպանվեց մինչեւ վերջին օրը, եւ ըստ էության, որոշ թկենածուներ, որոնք համարվում էին հավանական, մինչեւ վերջին օրը պահպանեցին այդ ինտրիգը:
Նա նշեց, որ քարոզարշավի շրջանն ուրույն ոճ ունեցավ, թեկնածուներից որեւէ մեկի նկատմամբ լրատվամիջոցները խտրականություն չցուցաբերեցին, եւ արձանագրվեց, որ գործող նախագահը որեւէ կերպ ավելի շատ չի լուսաբանվել, քան` մյուսները:
«Ինտրիգ մտավ հատկապես Պարույր Հայրիկյանի հետ կապված մահափորձի պատճառով: Շատ հետաքրքիր է ,թե ինչ զարգացումներ կլինեն հետընտրական շրջանում, բնորոշիչ կլինի, որ ինտրիգային լինի եւ հետաքրքիր զարգացումներ լինեն, թե’ նոր կոալիցիաների, թե’ նոր կադրերի տեղաշարժերի առումով: Վստահ եմ, որ ընտրությունները կավարտվեն մեկ փուլով, ֆավորիտը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է»,- ասաց նա:
Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ նոր ընտրվելիք նախագահը բացառապես իր անձնական հնարավորությունների օգտագործման շնորհիվ է ընտրվում եւ շատ լավ կլիներ, որ իրեն շատ ազատ զգար ե’ւ կադրային հարցերում, ե’ւ պետական քաղաքական հարցերում: «Այս ընտրությունների արդյունքի հիմնական կրողը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, եւ շատ լավ կլինի, որ այդ հանգամանքը ինքն օգտագործի եւ կադրային, եւ մնացած հարցերում հստակ եւ պրոֆեսիոնալ»,- ասաց նա:
Նշենք, որ Գառնիկ Իսագուլյանի ղեկավարած կուսակցությունը սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























