ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խումբը, խմբի համակարգող, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի անվտանգության, պաշտպանության եւ հասարակական կարգի հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոյի գլխավորությամբ, փետրվարի 16-ին կժամանի Երեւան՝ ՀՀ նախագահի ընտրությունների դիտարկում անցկացնելու նպատակով:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար, գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը կմասնակցի Հայաստանում միջազգային դիտորդական խմբի աշխատանքներին: Այցի ընթացքում պատվիրակության անդամները կհանդիպեն ԱԺ, ԿԸՀ, Գլխավոր դատախազության, Ոստիկանության ղեկավար կազմի հետ: 

NEWS.am-ին ԱՊՀ ՄԽՎ-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ փետրվարի 17-ին  միջազգային դիտորդները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Մեծ եղեռնի զոհերին:

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմում ԱՊՀ ՄԽՎ անդամ պետությունների խորհրդարանների 28 պատգամավորներ են: Փետրվարի 18-ին դիտորդները կայցելեն Երեւանում, Արարատում, Արտաշատում, Էջմիածնում, Արմավիրում, Աշտարակում, Հրազդանում, Չարենցավանում տեղակայված ընտրատեղամասեր:

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խումբը ձեւավորվել է ԱՊՀ անդամ յոթ երկրների պատգամավորներից (Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղըզստան, Մոլդովա, Ռուսաստան, Ուկրաինա): Դիտորդական խմբի կազմում ընդգրկված են ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման եւ քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի  փորձագետներ: