Հայաստանի նախագահի ընտրությունների քարոզարշավի դիտարկման շրջանակում երկարաժամկետ դիտորդները շարունակել են Հայաստանի ընտրատեղամասեր այցելությունները: Նրանք ծանոթացել են Վայոց ձորի մարզի թիվ 39, Սյունիքի մարզի թիվ 17, Տավուշի մարզի թիվ 41, Գեղարքունիքի մարզի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքին:
Այցերի ընթացքում դիտորդները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հանձնաժողովների նիստերի արձանագրություններին, նախընտրական քարոզարշավին առնչվող փաստաթղթերին, զրուցել հանձնաժողովների անդամների հետ, NEWS.am-ին հայտնել են ԱՊՀ դիտորդական առաքելության գրասենյակից:
ԱՊՀ դիտորդական առաքելության գրասենյակը շարունակում է լրատվամիջոցներում նախագահի թեկնածուների քարոզարշավի լուսաբանման դիտարկումը:
Ավարտվել է ՀՀ նախագահի ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ձեւավորումը: Առաքելության կազմում հավատարմագրվել են Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչներ:
Ընտրություններին կհետեւեն ԱՊՀ անդամ երկրների ազգային խորհրդարանների պատգամավորներ, կենտրոնական եւ տարածաշրջանային ընտրական հանձնաժողովների ղեկավարներ, պետական եւ կատարողական մարմինների, դիվանագիտան կորպուսի ներկայացուցիչներ:
ԱՊՀ դիտորդական առաքելությունն իր գնահատականները եւ եզրահանգումները կհրապարակի ընտրությունների ավարտից հետո:




























