ԱԻՄ առաջնորդ, նախագահի թկենածու Պարույր Հայրիկյանի մահափորձի վերաբերյալ թե’ տուժողը, թե’ պետական, քաղաքական գործիչները շտապեցին գնահատականներ տալ:  Այս մասին, այսօր՝  փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, որ  միջադեպից մի քանի օր հետո ԼՂՀ-ում էր, սակայն հանդիպել է Պարույր Հայրիկյանի հետ, ունեցել երկարատեւ եւ անկեղծ զրույց: Զրույցի ժամանակ նախագահի թեկնածուն ասել է, որ Սերժ Սարգսյանը որեւէ խնդիր առաջ չի քաշել ընտրությունների հետաձգման վերաբերյալ, իսկ Գառնիկ Իսգաուլյանը նշել է, որ Աստված քեզ հնարավորություն է տվել, որ անձնապես որոշես` ընտրությունները կայանալու են ճիշտ ժամանակի՞ն, հետաձգվելո՞ւ են, թե՞ նոր ընտրություն է լինելու: Նրա կարծիքով՝  Հայրիկյանի դիրքորոշումներում փոփոխություն չկա,  հենց սկզբից էլ նա ասում էր, որ  չի կողմնորոշվում՝ դիմել, թե չդիմել ՍԴ: Նախագահի նախկին  ներկայացուցիչը նշեց, որ չի կարծում, որ Հայրիկյանի վերաբերյալ շահարկումները տեղին են, քանի որ դա իր անձնական դիրքրոոշումն է: Հայրիկյանի վերաբերյալ  շրջանառվող վարկածները, նրա խոսքով, մի քիչ շտապողականության արդյունք են եղել:

«Մեր տարածաշրջանում ազդեցիկ արտաքին ուժեր անիմաստ է փնտրել, չի բացառվում, որ կատարողները ներքին ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ են եղել, բայց նրանց համարել քիլերներ, տարօրինակ է: Ասել, որ լուրջ ուժերի նախապատրաստություններ էին, տեղին չէ»,- նշեց նա:

Նա նշեց, որ մահափորձի հետեւանքերը ցայտուն կերեւան ընտրություններից հետո:  «Միշտ կարեւոր է, թե ով է հանցագործությունը կատարում եւ ինչ որակով: Որեւէ պրոֆեսիոնալիզմ չկար իրենց գործողություններում: Պարզ էր, որ այս մարդիկ շատ արագ են բացահայտվելու: Նախկինում տեխնիկական զարգացումներն այն ատսիճանի չէին, ինչպես` հիմա: Բավական է ուղղակի հատուկ ծառայություները ժամանակ տրամադրեն ուսումնասիրելու, տեխնիկան զարգացել է, բացահայտումները զարգացել են»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի հետ կապելուն, Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ ինքը զարմացել է, որ թեկնածուն սկսել է իր մասին խոսել զուտ մամուլի տեղեկություններով: «Կարծում եմ՝ ինքն էլ  շտապում է: Չեմ կարծում, որ տեղին է ասել, թե սլաքն ուղղված է ինչ-որ մեկին»,- նշեց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am