Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը նախընտրական արշավի բոլոր մասնակիցներին մեղադրել է, թե նրանք օգտվել են «ձեռնտու» իրավիճակից եւ, կարծես ոչինչ չէր եղել, շարունակել են իրենց քարոզարշավը իր դեմ մահափորձից հետո, այն ժամանակ, երբ ինքը զրկված է եղել նման հնարավորությունից: Փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում Հայրիկյանը հայտարարել է, թե նախագահի մյուս թեկնածուներն, ըստ էության, դարձել են իր դեմ մահափորձի պատվիրատուների դաշնակիցներ:
Նա հայտարարել է, թե հունվարի 21-ից 31-ն իր վարկանիշը կայուն բարձրացել է, եւ անգամ չարակամներն իրեն դասում էին առաջատար եռյակին: Սակայն հունվարի 31-ի մահափորձն իրեն դուրս թողեց արշավից:
Հայրիկյանը կարծում է, թե աշխարհի ցանկացած երկրում դա կսթափեցներ թեկնածուներին, սակայն Հայաստանում նրանք հանգիստ շարունակել են քարոզարշավը, կարծես ոչինչ էլ չէր եղել: «Դա «ձեռնտու» իրավիճակ էր: Թեկնածուները, ըստ էության, դարձան մահափորձի պատվիրատուների դաշնակիցները: Նրանք անհաղթելիին հաղթեցին գնդակով` նրա բացակայության պայմաններում քարոզարշավ անելով»,- հայտարարել է Հայրիկյանը` հավելելով, որ միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը դադարեցրեց իր քարոզարշավը, այն էլ ընդամենը մեկ օրով:
Նրա խոսքով, հիմնական թեկնածուներից մեկը գոհունակությամբ ասել է, թե փոխվել է միայն իրավիճակը եւ հարկ է շարժվել առաջ, իսկ երրորդն ավելի հեռուն գնաց, կասկած հայտնեց մահափորձի վերաբերյալ: «Նման իրավիճակում ես արդեն մեկ անգամ եղել եմ, 1990թ., երբ ահաբեկիչները ինձ հեռացրին քաղաքական ասպարեզից եւ Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրություններ կազմակերպեցին: Bայց այն ժամանակ հիմնական խաղացողը ժողովուրդն էր: ԼԻնելով Հայաստանից դուրս` ես ստացա ձայների 90 տոկոսը եւ հայրենիք վերադարձա պատգամավորի կարգավիճակում: Այսօր ի8ավիճակը նման է, եւ միայն ժողովուրդը կարող է փոխել ամեն ինչ: Նա պետք է ցույց տա, որ ահաբեկիչների հետ չէ»,- ասել է Հայրիկյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























