Հայաստանում կտրուկ կրճատվել է անչափահասների կողմից կատարվող  հանցագործությունների թիվը։ Այս մասին փետրվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության Երրորդ վարչության պետի տեղակալ Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

Ոստիկանության տվյալով` 2012 թվականին գրանցվել է նման 414 հանցագործություն (2011–ին՝ 527), ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին 16 տարվա ընթացքում։ Ըստ Նելլի Դուրյանի, դա Ոստիկանության աշխատակիցների կողմից տարվող հանցագործության  կանխարգելման եւ կանխման աշխատանքների, ռեյդերի ու բացատրական աշխատանքների հետեւանք է։ Անչափահասների կողմից արվող հանցագործությունների մեծ մասը գողությունն է։ Դրան հաջորդում են մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը։ Անցյալ տարի անչափահասներից առգրավվել է ավելի շատ սառը զենք քան նախորդ տարիներին. Դա նույնպես ոստիկանների աշխատանքի արդյունքն է, ավելացրել է Նելի Դուրյանը: Գնդապետը հատուկ ուշադրություն է դարձրել երեխաների զբաղվածությանը: «Ժամանակի ճիշտ բաշխումն ու ճիշտ հունով էներգիան վատնելը շատ կարեւոր են իրավախախտումները կանխելու տեսանկյունից»,-հիշեցրել է Դուրյանը` այդ առնչությամբ նշելով երեխայի  ընտանիքի դերը:

Անչափահաս իրավախախտների մեջ կրկնահանցագործներ գրեթե չկան, հիմնական խումբը կազմում են  14-16 տարեկան դեռահասները: Որպես կանոն, հայտնաբերված իրավախախտների հետ տարվում են ուղղիչ աշխատանքներ, իսկ քրեական գործ հարուցվում է բացառիկ դեպքերում: Այս մասին վկայում է այն, որ անչափահասների գաղութում ներկա պահին գտնվում են 16 դեռահասներ (ծանր հանցագործությունների հոդվածներով):2012 թվականին անչափահասների կողմից կատարված մարդասպանության դեպքեր չեն գրանցվել: