«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի դեմ ուղղված երեկվա հայտարարության միակ նպատակը այն էր, որ այսօրվա նրա ասուլիսի թեման շեղեն կոնգրեսական զարգացումներից, մասնավորապես, Լեւոն Զուրաբյանի վերջին շրջանի քոչարյանապաշտական զեղումներից: Այս մասին, այսօր` փետրվարի 14-ին, մամուլի ասուլիսում նշեց ինքը` Պետրոս Մակեյանը:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին, Մակեյանը նշեց, որ իրենց կանխատեսումներն իրականացան եւ ընթանում են տխուր ու ոչ մրցակցային ընտրություններ: Նրա խոսքով` ներկայումս ընթանում է իմիտացիոն մրցակցություն, որի մեղավորը, ոչ միայն վարչախումբն է, այլեւ ոչ պակաս մեղքի բաժին ունի ընդդիմությունը, մասնավարոպես ՀԱԿ-ը:
«Ինչո՞ւ, որովհետեւ այս անգամ չկա ուժային ընդդիմադիր կենտրոն: ՀԱԿ-ն իր գոյությամբ հնարավություն չընձեռեց որեւէ նոր ուժային կենտրոնի ձեւավորման համար: Այսպես ասած, գործընկերային կապերի մեջ ներքաշվելով «մարտի 1-ի» կազմակերպիչների եւ մասնակիցների, մասնավորապես, ԲՀԿ-ի հետ»,- ասաց Պետրոս Մակեյանը:
Նա ընդգծեց, որ այդ ամբողջի հանգուցալուծումը եղավ այն, որ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ դրական է գնահատում Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը, այն ընդունում է դրական մեսիջներով: Ըստ Մակեյանի, այդ ամենի արդյունքում, ավազակապետական բուրգի փոխարեն կազմաքանդվեց ՀԱԿ-ը: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ՀԱԿ-ը վերակենդանացման ռեսուրսներ չունի:
Նշենք, որ երեկ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից հեռացված անդամները հայտարարություն էին տարածել, Պետրոս Մակեյանին մեղադրելով Վազգեն Խաչիկյանի հետ գործարքի մեջ մտնելու եւ գրասենյակի վարձակալության պայմանների փոփոխման դիմաց գումար վերցնելու մեջ: Ըստ հայտարարության հեղինակների` այդ պատճառով կուսակցությունը զրկվեց գրասենյակից:




























