Հայաստանի ոստիկանությունը աշխատում է դպրոցական տեսուչների ծրագիրը վերսկսելու ուղղությամբ: Այդ մասին այսօր՝ փոտրվարի 14-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ոստիկանության քրեական հետախուզության  երրորդ վարչության պետի տեղակալ,  Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Ըստ նրա՝ 2011-ին կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ անցկացրած պիլոտային ծրագիրը դրական արդյունք է ունեցել: Ծրագիրն իրականացվել էր Երեւանի 11 դպրոցներում: «Սկզբում դպրոցականների ծնողները վստահություն չէին տածում, սակայն հետո փոխեցին կարծիքը՝ տեսնելով, թե ինչ օգտավետ է  դպրոցում տեսուչի ներկայությունը», - նշել է  Նելլի Դուրյանը: Նրա խոսքով՝ ծրագրի արդյունքները պարզելու համար միջազգային «Փրոջեքթ հարմոնի» կազմակերպությունը դիտարկում է անցկացրել: «Արդյունքը դրական է եղել, բազմաթիվ դրական արձագանքներ են ստացվել ծնողներից, երեխաներից, մանկավարժական կոլեկտիվներից», - նշել է Ոստիկանության ներկայացուցիչը: Նելլի Դուրյանը նաեւ նշել է, որ վերջերս ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ընթացքում վերջիններս ծրագիրը վերսկսելու առաջարկով են հանդես եկել: «Այս պահին աշխատանք է տարվում այդ ուղղությամբ», - նշել է Դուրյանը: