Նախընտրական քարոզարշավն ինչ-որ չափով մրցակցային եւ լարված էր, եւ դրանով տարբերվում էր խորհրդարանական քարոզարշավից: Այդ մասին, յաօսր` փետրվարի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով` ներկայիս քարոզարշավը տարբերվում է նաեւ նրանով, որ նախագահի թեկնածուների կեսը նպատակամղված քարոզչություն է արել այլ թեկնածուների դեմ: Հակոբյանը նշել է, թե մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի` Գյումրիում ընտրողների հետ հանդիպումը գործող նախագահ Սերժ Սարգսյանը «Ժառանգության» թեկնածուի դեմ արտահայտություններ չէր արել: «Րաֆֆի Հովհաննիսյանին ջերմորեն ընդունեցին Գյումրիում: 600 մարդու համար նախատեսված սրահում երեք անգամ շատ մարդ կար: Դա մտահոգեց Սերժ Սարգսյանին, որ ընտրողների հետ Նուբարաշենում կայացած հանդիպմանը տհաճ արտահայտություններ արեց Հովհաննիսյանի հասցեին»,- ասել է Հակոբյանը` իշխանություններին կոչ անելով լարվածություն չմտցնել: Հակոբյանի կարծիքով, հենց Սարգսյանի արտահայտություններն են լարվածություն առաջացրել հասարակության մեջ: Դրա հետեւանքով արդեն մի քանի համայնքապետեր հրաժարվում են ընդունել Հովհաննիսյանին, ակտիվացել է կրիմինալը:

Հիշեցնենք, որ Սեր Սարգսյանը, անուններ չտալով, Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման նախաձեռնությունը գնահատել էր որպես «ավանտյուրա»: Դրա օգտին հանդես է գալիս հենց «Ժառանգություն» կոսւակցությունն ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am