Ցավոք սրտի, այսօր ունենք բզկտված, կազմաքանդված Հայ ազգային կոնգրես: Այս մասին, այսօր` փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նրա խոսքով` դրա սկիզբը դրվեց հայտնի քաղաքագիտական վերլուծությունով, իսկ վերջակետը` Լեւոն Զուրաբյանի քոչարյանապաշտական հայտարարությունով:

«Կարծում եմ, երբ ՀԱԿ-ի ներկայացուցիչները եւ «մարտի 1-ի» հեղինակներն ու կազմակերպիչները հայտնվում են քաղաքական նույն ճամբարում, սա արդեն վերջն է»,- ասաց Պետրոս Մակեյանը, հավելելով, որ երբ Լեւոն Զուրաբյանը հայտարարում է, թե ձեւավորվող ՀԱԿ կուսակցությունը հսկայածավալ անկուսակցական բանակինն է, դա այդպես չէ: «Այդ բանակից մնացել են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի չինովնիկները, որոնց համար էլ այս կուսակցությունը սարքում են, որովհետեւ սրանք ՀՀՇ մտնելու կոմպլեքսներ ունեն: ՀՀՇ-ն լուծարում են, սարքում այս անվամբ, որ այս մի քանի չինովնիկները դիսկոմֆորտ չզգան այդ համակարգում»,- ասաց Պետրոս Մակեյանը:

Հարցին, թե նոր ստեղծվելիք ՀԱԿ կուսակցության համագումարին մասնակցելո՞ւ է, թե` ոչ, նա պատասխանեց, որ երբ հրավեր լինի` կմտածեն: