Ադրբեջանի իշխանությունները, որոնք չեն հոգնում ամենուր բարձրաձայնել միլիոնավոր փախստականների մասին, իրականում բացահայտ կերպով անտեսում են նրանց կարիքները: Բանը հասել է նրան, որ նրանցից մեկը պաշտպանություն է փնտրել Թուրքիայում:

Այդ աննախադեպ իրադարձությունը պատահել է վերջերս, երբ Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստական կինը պաշտպանություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանից:

Ինչպես հայտնում է Vesti.Az-ը` վկայակոչելով թուրքակյան լրատվամիջոցները, Ադրբեջանի քաղաքացի, փախստական Գյուլայիշա Քերիմովան արդեն 20 տարի է իր որդու հետ ապրում է Գյանջայում: Նա Թուրքիա է եկել` վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպելու համար: Վարչապետը նրան ընդունել է հենց խորհրդարանի շենքում եւ լսել է նրա խնդրանքը: Էրդողանի հետ հանդիպումից հետո, Կերիմովան լրագրողների հետ զրույցի ժամանակ հաղորդել է իր խնդրի մասին, որի համար եկել է հարեւան երկրի մայրաքաղաք:

Մեկ տարի առաջ իշխանությունները քանդել են նրա տունը` կնոջն անօթեւան թողնելով: Ընդ որում, ըստ Քերիմովայի տունը քանդելն անօրինական էր: Մեկ տարվա մեջ նա հանդիպել է ադրբեջանցի շատ պաշտոնյաների  եւ նույնիսկ նախարարների հետ, սակայն արդարությունը վերականգնելու նրա ջանքերը անարդյունք են եղել:

Հատկանշական է, որ իր սեփական երկրում բարձր ղեկավարության հետ հանդիպել կնոջը չի հաջողվել: Եւ սա ակնհայտ վկայում է այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները վերաբերվում իրենց փախստականներին, որոնցով «քողարկվում են» երկար տարիներ: