Եթե նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանն ուզում է պատասխան ստանալ իր հարցերին` կապված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ապա պետք է համաձայնի վերջինիս կողմից ներկայացված հեռուստաբանավեճի առաջարկին: Այս մասին, այսօր` փետրվարի 14-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, Րաֆֆի հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամ Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով` երբ նախընտրական շրջանում լուրջ պայքար է ծավալվում, իշխանություններն սկսում են տեղեկություններ տարածել Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի վատթարացման մասին: «Ընտրողների հոգեբանության վրա ազդելու համար, որոշ գործիչներ սկսում են տարածել այդ տեղեկությունները: Ես հայտարարում եմ, որ Ղարաբաղում եւ շփման գծում լրացուցիչ լարվածություն չկա»,-ասաց Ռուբեն հակոբյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի գնահատականին, թե ԼՂՀ անկախությունը ճանաչելու առաջարկը «ավատյուրա» է, Հակոբյանը նշեց, որ Ղարաբաղի հարցում ամեն մեկն իր մոտեցումն ունի եւ ոչ ոք չի հայտարարում, թե դա լավագույն դիրքորոշումն է:
«Միաժամանակ, ԼՂՀ-ն ճանաչելու «Ժառանգության» պահանջը կարող է օգտագործվել հակամարտության բանակցային գործընթացում»,-շեշտել է «Ժառանգության» ներկայացուցիչը:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























