Սա պարզ զրպարտություն է, եւ հասկանալի է նաեւ, թե ում կողմից է ուղղորդված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն` անդրադառնալով Վարդան Սեդրակյանի հայտարարությանը, ըստ որի ինքը հիմքեր ունի կարծելու, թե Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպվել է Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործունեություն ծավալած մի մասոնական կազմակերպության կողմից, որի անդամ են Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը:
«Այդ անձնավորությունն օրը մի զառանացք արտաբերում է, հիմա չգիտեմ երկնքից են իրեն նորից հաղորդել, թե որտեղից, բայց ես կարծում եմ, որ սա արդեն բոլոր չափերն անցնել է: Սա պարզ զրպարտություն է, եւ հասկանալի է նաեւ, թե ում կողմից է ուղղորդված»,- նշեց նա Իսկ թե ում կողմից է ուղղորդված, մամուլի քարտուղարը որեւէ անուն չնշեց, միայն շեշտեց, որ «Շատ քաղաքացիներ այսօր որոշել են, որ Հայաստանի հաջորդ նախագահը լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը, ակնհայտ է, թե ում է դա վտանգ սպառնում եւ ով կարող էր ուղղորդել այդ անձնավորությանը»:
Նա նշեց, որ զրպարտանքները եւ զառանցանքները մեկնաբանության եւ անդրադարձի ենթակա չեն, այլ հարց է, որ եթե զրպարտում է, «կարող է որոշակի միջոցներ ձեռնարկենք», սակայն այս պահին այդ առումով Խուրշուդյանը մանրամասներ չներկայացրեց, հավելելով, որ դա կորոշի Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կասի:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կազմակերպման մեջ մեղադրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսօր` փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում Սեդրակյանը նշել է, թե հիմքեր ունի կարծելու, թե Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպվել է Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործունեություն ծավալած մի մասոնական կազմակերպության կողմից: Ըստ Սեդրակյանի, այդ մասոնական օթյակների անդամներ են Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը: Ավելին, Սեդրակյանը նշել է, թե վաղուց գիտեր, որ իր դեմ ինչ-որ բան է կազմակերպվում:
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, մահափորձի մեջ կասկածվող երկու անձինք ճանաչում են Սեդրակյանին, վերջինս էլ օրեր առաջ նշել էր, որ առաջիկայում իրեն ձերբակալելու են:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























