Ազնիվ չէ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի կողմից նման հայտարարություններ անելը, քանի որ կատարվածից անմիջապես հետո «Ժառանգության» ներկայացուցիչներն այցելեցին նրան եւ հրապարակային գնահատական տվեցին մահափորձին: Այդ մասին փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը` նշելով, որ չի ցանկանում խորանալ Հայրիկյանի մահափորձի մանրամասների մեջ:

«Հարցն այն է, որ Պարույր Հայրիկյանի առաջարկը` միասնական թեկնածու առաջադրելու մասին, անթույլատրելի է այն ձեւաչափով, որ նա առաջարկել է: Ընդհանուր գաղափարն ընդունելի է, սակայն Հայրիկյանի առաջարկած ձեւակերպումը` ոչ: Հայրիկյանը նման քննարկումներ է սկսել` չզրուցելով թեկնածուների հետ, իսկ դա ձախողում է նշանակում»,- ասել է Հակոբյանը եւ հավելել, որ Հայրիկյանն այդկերպ ազնիվ չէ իր մղումներում, քանի որ որպես միասնական թեկնածու տեսնում էր միայն իրեն:

Հայրիկյանի հայտարարությանը, թե մահափորփը բացասաբար է ազդել իր վարկանիշի վրա, իսկ մյուս թեկնածուները դադարեցրել էին իրենց քարոզարշավը, Հակոբյանը պատասխանել է, որ այդ օրերին լրատվամիջոցներով ամենաշատը հենց Հայրիկյանն է լուսաբանվել. «Ընդ որում, մյուս թեկնածուները պարկեշտ պահեցին իրենց` չասելով, որ այդ փուլում ամենաշատը Հայրիկյան է լուսաբանվել, թեեւ ունեին դրա իրավունքը»:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am