Ռուսաստանի Քննչական կոմիտեն վրացի պատգամավոր Գիվի Թարգամաձեին մեղադրյալի կարգավիճակով ներգրավել է Ռուսաստանում անկարգություններ նախապատրաստելու գործում: Այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, առաջիկայում ՔԿ-ն նրա հեռակա կալանքի միջնորդություն կներկայացնի:

ՌԴ ԱԳՆ-ի տվյալով, որի վրա հիմնվում է ՔԿ-ն, Գիվի Թարգամաձեն քրեական հետապնդումներից անձեռնմխելություն չունի, թեեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է:

Քննության վարկածով, ռուս երեք ընդդիմադիրներ՝ Սերգեյ Ուդալցովը, Լեոնիդ Ռազվոզժաեւը եւ Կոնստանտին Լեբեդեւը Գիվի Թարգամաձեի հետ պայմանավորվել էին Բոլոտնայայի  խռովությունները ֆինանսավորելու հարցում: Թարգամաձեն ինքը վստահեցնում էր, որ չի ճանաչում ռուս ընդդիմադիրներին:

Այս պահին ՌԴ-ում անկարգություններ նախապատրաստելու եւ Բոլոտնայայի գործերը մեկ վարույթով են տարվում, գործում ընդգրկվածները 20-ից ավելի են: