Նախընտրական փուլում լավագույն քարոզարշավն արել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ մասին փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով, չնայած շատերը հայտարարում էին, որ նման քարոզարշավը վայել չէ նախագահի թեկնածուին, սակայն ակնհայտ է, որ այն գործուն է. «Եթե իշխանությունները ստանդարտ մոտեցումներ են վարել` ստիպելով մարդկանց գալ նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը, եւ չկար ընտրողների հետ անմիջական շփում, Հովհաննիսյանը նախընտրեց ուղղակի շփման գնալ: Հենց այդ անմիջական շփումը, այդ էներգետիկան փոխանցվեց ընտրողին, ինչն էլ տվեց իր արդյունքը»:
Եթե իշխանությունները կեղծեն ընտրությունները, ընդդիմադիր թեկնածուի թիմը մտադիր է համարժեք պատասխան հասցնել, մշակվել է գործողությունների ռազմավարություն, չեն բացառվում հանրահավաքները, բայց միանշանակ է մեկ բան, որ թիմը լինելու է պայքարողների առաջին շարքերում: «Եթե ընտրությունները կեղծվեն, մեղքի մեծ բաժինը կընկնի իշխանությունների վրա: Եւ ժողովուրդն արդեն սպառել է համբերության լիմիտը»,- ասել է Հակոբյանը:




























