ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթրակված նախագահի թկենածու Պարույր Հայրիկյանը այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է եւ պրոցեդուրաներ է ստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը:
Նա նշեց, որ Պարույր Հայրիկյանի աջ ձեռքի ցավերը շարունակվում են, այդ պատճառով էլ պրոցեդուրաներ, տոկեր, մասսաժներ, դեղեր եւ այլ բուժումներ է ստանում:
Հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախագահի թեկնածուն այժմ պետք է ռենտգեն հետազոտություն անցնի, իսկ այսօր նա կմնա հիվանդանոցում, կպառկի Կրծքային վիրաբուժության բաժանմունքի իր հիվադասենյակում:
Նշենք, որ մարզեր կատարած երկար այցելությունները վատ են անդրադարձել Հայրիկյանի առողջական վիճակի վրա: Իսկ այսօր նախատեսված այցելությունը Լոռիի մարզ հետաձգվել է:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել: Մահափորձից հետո` փետրվարի 1-ին, Հայրիկյանը հայտարարել է, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությւնները հետաձգելու խնդրանքով: Այնուհետեւ նա մի քանի անգամ փոխել է իր որոշումը` մեկ հայտարարելով, որ դիմելու է, մեկ` որ դեռ որոշում չի կայացրել: Փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ` երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու խնդրանքով, իսկ փետրվարի 11-ին նա ՍԴ-ից հետ է վերցրել իր դիմումը: Նույն օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























