Հայաստանի նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը, բացահայտելով Հայրիկյանի դեմ մահափորձի «մասոնական դավադրությունը», լրագրողների հետ զրույցում ներկայացրել է «մասոնական կառույցի» հետագա հնարավոր քայլերը: Նա հայտարարել է, թե Հայրիկյանի դեմ մահափորձը նախնական քայլերից է:

Հիշեցնենք, որ այսօր Սեդրակյանն ասել էր, թե մահափորձը կազմակերպել է ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայում գործունեություն ծավալող մասոնական մի կազմակերպություն, որի անդամ են Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը:

«Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Վարդան Օսկանյանը չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին, արագ սկսվեց Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման գործընթացը: Երեկ ես հրապարակումներ էի կարդում, որ ինձ շուտով ԱԱԾ են կանչելու` պարզելու իմ փողերի ծագումը: Բայց առաջին հերթին ԱԱԾ պետք է կանչեն Րաֆֆի Հովհաննիսյանին: Դեռ դեկտեմբերի 15-ին նա հայտարարում էր, որ գումարային միջոցներ չունի, ինչից հետո հանդիպեց Հայաստանի Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպաններին, ապա նրան ընդունեցին Ֆրանսիայի նախագահի նստավայրում, ու հանկարծ նրա մոտ փողեր հայտնվեցին: Հունվարի կեսին նա ցինիկ պատասխան տվեց հարցին, թե ընտանիքի անդամները որոշել են իրեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել»,- նկատել է Սեդրակյանը:

Սեդրակյանը, այնուհետ սկսել է պատմել «մասոնական դավադրության» երկրորդ փուլը. «Երկրորդ փուլն այն է, որ նույնիսկ եթե Հովհաննիսյանն այս անգամ բավարարվի երկրորդ տեղով, հետագայում նախագահին կտապալեն, եւ նոր ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը կդառնա նախագահ: Իսկ դա լավ հնարավորություն է հետագա քայլերի համար` Հայաստանի արտաքին քաղաքականությունն ամերիկամետի վերածելու հարցում` դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- նշել է Սեդրակյանը:

Սեդրակյանը կարծում է, թե Հայրիկյանի դեմ մահափորձը մի քանի նպատակ էր հետապնդում, առաջին խախտվում էր նախընտրական քարոզարշավի էությունը, նաեւ քարոզարշավից դուրս էր մնում ազգային գաղափարախոսություն դավանող թեկնածուն:

Սեդրակյանը նաեւ խոստացել է ավելի մանրամասն խոսել վաղը կայանալիք ասուլիսում: Վարդան Օսկանյանի մասին էլ խոստացել է խոսել հաջորդ անգամ: Հարցին,թ ե Օսկանյանն էլ այդ «մասոնական կազմակերպության» անդամ է, Վարդան Սեդրակյանը հայտարարել է. «բա հո Մոնղոլիան չէր սատարելու»:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am