Կովկասի մուսուլմանների վարչությունը ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին մուրթադ (հերետիկոս) է անվանել՝ իր «Քարե երազներ» գրքում հայերի հանդեպ կարեկցանք արտահայտելու համար: Ըստ նրանց՝ Այլիսլին իր գրքով ծանր հարված է հասցրել իր ժողովրդի շահերին:
ԿՄՎ ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադդեն գրողին «դավանափոխ» է անվանել: Ըստ նրա՝ իսլամում նման մարդկանց մուրթադ են կոչում: «Երեւում է՝ դավաճանությունը նրա արյան մեջ է: Նրան ամենաճիշտ գնահատականը Ադրբեջանի ժողովուրդը տվեց՝ երես դարձնելով»:
«Քարե երազներ» վեպը գրվել էր դեռ 2006-ին, 2012թ. ռուսերենով հրատարակվել էր «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում: Հեղինակն ինքն էր թարգմանելկ ռուսերեն: Այլիսլիի խոսքով՝ մայրենի լեզվով հրատարակությունը պետք է լույս տեսներ մոտ ժամանակներում:
Ստեղծագործությունն Ադրբեջանում վրդովմունքի ալիք էր առաջացրել: Ադրբեջանցի կեղծ հայրենասերներին բարկացրել էր հայերին պատկերող կարեկցող տոնը: Նրան արդեն զրկել են «ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական թոշակից: Գրողի կինն ու որդին հեռացվել են աշխատանքից: Քննարկվում է նրան նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու հարցը:
Ավելին, Ադրբեջանում գրող Աքրամ Այլիսիլիի սկանդալային գրքի շուրջ կրքերը միջնադարն են հիշեցնում: «Ժամանակակից մուսավաթ» իշխանամետ կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ կպարգեւատրեն գրողի ականջը կտրողին:




























