ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով էպոսագետ ներկայացող նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը չի հարցաքննվել: ԱԱԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա հարցաքննելու մասին տեղեկություն չունեն:

Նշենք, որ նախագահի թեկնածուին կարող են ձերբակալել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատավարական պատասխանատվության ենթարկել ԿԸՀ թույլտվությունից հետո, այսինքն` իրավապահ մարմինը դիմում է ԿԸՀ-ին` ստանում թույլտվություն, ապա գործողություններ իրականացնում: Ինչ վերաբերում է հարցաքննության կանչելուն, ապա դա կախված է, թե թեկնածուին ինչ կարգավիճակով են կանչում:

Հիշեցնենք, որ  Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել, ապա կալանավորվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ  կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության  համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված,   Սամվել Արամայիսի Հարությունյանը: Համաձայն  շրջանառվող տեղեկությունների ` մահափորձի մեջ մեղադրվող երկու անձինք ճանաչում են Սեդրակյանին, վերջինս էլ օրեր առաջ նշել էր, որ առաջիկայում իրեն ձերբակալելու են: