Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է անվանել նախորդ շաբաթ ունեցած կորուստների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունը:
«Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները իրականությանը չեն համապատասխանում, դա ակնհայտ ապատեղեկատվություն է», - ասել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական ԱՊԱ գործակալության հրապարակումը, ըստ որի նախորդ շաբաթ հայկական կողմից 7 զոհ եւ 4 վիրավոր է ունեցել:
«Նշված ժամանակահատվածում մեկ զինծառայող սպանվել եւ մեկը վիրավորվել է, ինչի մասին անհապաղ տեղեկացվել է: Ադրբեջանն իրեն հատուկ ոճով շարունակում է ապատեղեկատվություն տարածել», - ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հատկանշական է, որ ԱՊԱ-ի աղբյուրը հայ զինծառայողների կորուստը կապել էր «անհաջող դիվերսիաների» հետ, ընդ որում՝ անմիջապես խոստովանել, որ «Ադրբեջանի Զինված ուժերում դիպուկահարների թիվն ավելացել է»:
Ամենայն հավանականությամբ, տվյալ «տեղեկության» տարածումը կապված է հենց ադրբեջանցի զինծառայողների շրջանում կորուստների հետ: Հայերին կորուստներ վերագրելով՝ Ադրբեջանը կարող է մի քանի օր անց «հանգիստ խղճով» հայտարարել սեփական կորուստների մասին:




























