Բելառուսիայի իշխանությունները շարունակում են հանդես գալ հայտարարություններով, որոնք դուր չեն գալիս Ռուսաստանին: Այս անգամ Բելառուսի ԱԳՆ-ն առաջարկներ է արել կապված իր քաղաքացիների Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելություններին: Հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

Երկրի ԱԳՆ գլխավոր հյուպատոսական վարչության պետ Ալեքսանդր Լուկաշեւիչը լրագրողների հայտարարել է, որ այդ երկու հանրապետությունների տարածքում Բելառուսի քաղաքացիները պետք է պահպանեն Վրաստանի օրենքները: Մասնավորապես, այդ տարածքներ բելառուսները կարող են մեկնել միայն Զուգդիդիի եւ Գորիի տարածքներից: Ավելին, այլ ճանապարհներով (ավելի կոնկրետ Ռուսաստանից) Աբխազիա եւ Հարավային Օսիա մուտքը բելառուսներին խստիվ արգելվում է: Լուկաշեւիչն ընդգծել է, որ Վրաստանի օրենսդրության տեսանկյունից դա քրեական հանցագործություն է:

Հիշեցնենք, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու հարցը զգալիորեն բարդացրել է Մինսկի ու Մոսկվայի հարաբերությունները: Դեռ նախորդ տարվա օգոստոսյան պատերազմից հետո Մինսկում ոչ պաշտոնապես խոստացել էին ճանաչել այդ երկու հանրապետությունների անկախությունը անմիջապես Մոսկվայից հետո, սակայն հետագայում Բելառուսի իշխանությունները տարբեր ձեւերով ձգձգում էին այդ գործընթացը: Իսկ արդեն Ռուսաստանի հետ սկսված առեւտրային հակամարտությունից հետո Մինսկում մեղադրեցին Կրեմլին այն բանում, որ ռուսական իշխանությունները «վրեժ են լուծում» իրենցից Մոսկվայի արտաքին քաղաքական կուրսին չհետեւելու համար:

Նշենք, որ այս շաբաթվա սկզբին բելառուսական իշխանությունները փակել էին դիզելային վառելիք մատակարարող ռուսական խողովակաշարը, որի պատճառն, իբր, էկոլոգիային սպառնացող վտանգն էր: Դրանից առաջ ռուսական կողմն արգելել էր մսամթերքի ներմուծումը Բելառուսից: