Պարույր Հայրիկյանի վերջին գործողությունները կասկածանքի տեղիք են տալիս նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Այսօր` փետրվարի 14-ին Վանաձորում Լոռիի լրագրողների հետ հանդիպմանը Հրանտ Բագրատյանն անվստահություն է հայտնել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, թե ցանկալի է, որ ընդդիմությունը հանդես գա մեկ միասնական թեկնածուով:
Բագրատյանը նշել է, թե այդ հայտարարությունը լսելուն պես առաջարկել է Պարույր Հայրիկյանին հանել իր թեկնածությունը. եթե նա ինքը բարձրաձայնում է այդ մասին, ապա թող ինքն էլ հանի իր թեկնածությունը. «Դրան պատասխանել է, թե ես մեկ անգամ արդեն հանել եմ, բայց դա, իհարկե, բավարար պատասխան չէ»:
«Առավոտի» փոխանցմամբ, Բագրատյանը նշել է, թե ՀՀ նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանի ու Րաֆֆի Հովվհաննիսյանի ակնարկը, թե Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում իրենք կշնորհավորեն նրան, ինչպես նաեւ Հայրիկյանի վերջին գործողությունները, տեղիք են տվել իրեն կասկածելու: «Պարույր Հայրիկյանի վերջին գործողությունները` այո-ոչ, կհանեմ-կդիմեմ-չեմ հանի, կասկածանքի տեղիք է տալիս, թե նա իրապես ընդդիմություն է, թե` ոչ: Նա մինչեւ հիմա որեւէ քննադատական խոսք իշխանությունների հասցեին չի ասել: Այսօր էլ հայտարարություն է տարածել, որ միայն Սերժ Սարգսյանը քարոզարշավը դադարեցրեց, երբ ինքը հիվանդանոցում էր: Դա պարզապես սուտ է: Սերժ Սարգսյանը մեկ օրով է դադարեցրել, ես երկու օրով, եւ ամեն օր քարոզարշավը մեզ վրա նստում էր 3000-5000 դոլար:
Հաշվենք, որ ես սուբսիդավորել եմ Պարույր Հայրիկյանի քարոզարշավը»,- ասել է Բագրատյանը եւ հավելել. «Այդ ամենն իմ մեջ արդեն հույսեր չեն ներշնչում: Որեւէ մեկի օգտին իմ թեկնածությունը հանելու համար ես պիտի համոզված լինեմ, որ 100 տոկոսանոց ընդդիմադիր գործչի հետ գործ ունեմ: Ես սկսեցի կասկածել, թե միասնական թեկնածուի անվան տակ հնարավոր է ամեն ինչ ուղղված լինի նրան, որ ընդդիմադիր թեկնածուները չեզոքանան, եւ տխրեցի, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս հասկացնել տվեց, որ կշնորհավորի: Իհարկե, դա իրենց իրավունքն է: Բայց գիտեք, մենք երեքով թուղթ էինք ստորագրել, դրել էինք ցուցակների պահանջ, որը չէր հարգվել: Իսկ մենք ասել էինք, որ եթե այս պահանջները չհարգվեն, ընտրությունները չեն կարող լինել արդար: Այստեղ իմ ամբողջ եռանդը, երեքի շրջանակներում համագործակցելու, մարեց»,- ամփոփել է Հրանտ Բագրատյանը:




























