Նախընտրական քարոզարշավը վերածվել է տեղեկատվական աղբի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Արման Մելիքյանն` անդրադառնալով նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի այն հայտարարությանը, թե, իբր, Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպել են մասոնական այն կազմակերպությունը, որին անդակացում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը:
Արման Մելիքյանը, թեեւ, այդ ամենին անդրադառնալը նպատակահարմար չի գտնում, բայցեւայնպես, խոսելով պատճառների մասին ասաց, որ այս տեղեկատվական աղբով փորձում են բուն պրոբլեմից մարդկանց ուշադրությունը շեղել: «Սա քաղաքացիների դեմ է ընդհանրապես եւ խմբակային շահերի է ծառայում: Չեմ մանրամասնի, բայց բոլոր դեպքերում այսօր իշխանությունը վերարտադրվելու խնդիր ունի եւ ես կարծում եմ, որ սա դրան է նպաստում` անկախ այդ տեղեկատվական աղբը ներմուծողների սեփական կամքից:
Ավելի վաղ Վարդան Սեդրակյանը հրավիրված ասուլիսում նշել էր, որ հիմքեր ունի կարծելու, թե Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպել է Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործունեություն ծավալած մի մասոնական կազմակերպություն: Ըստ Սեդրակյանի, այդ մասոնական օթյակների անդամներ են Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը: Ավելին, Սեդրակյանը նշել է, թե վաղուց գիտեր, որ իր դեմ ինչ-որ բան է կազմակերպվում:
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, մահափորձի մեջ կասկածվող երկու անձինք ճանաչում են Սեդրակյանին, վերջինս էլ օրեր առաջ նշել էր, որ առաջիկայում իրեն ձերբակալելու են:




























